Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Մայդան Նեզալեժնոստի» - Ազատության հրապարակ. անկախության գինը

«Մայդան Նեզալեժնոստի» - Ազատության հրապարակ. անկախության գինը
26.12.2013 | 19:59

Ռուսական կայսրության տիրապետության գոտուց դուրս գալու ու եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհով իրենց քաղաքացիական արժանապատվությունը վերականգնելու, իրավական երկիր կառուցելու, կյանքի որակը բարձրացնելու, ինքնուրույն պետական ուղղություն վերցնելու` Ուկրաինայի հասարակության կամքը կենտրոնացած է մայրաքաղաք Կիևի գլխավոր հրապարակում: Ավելի քան մեկ ամիս է, երկրի քաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերի կոալիցիան, բանտարկված Տիմոշենկոյի «Բատկովշչինան» (Հայրենիք), Կլիչկոյի «Ուդարը» (Հարված) և ազգայնական «Սվոբոդան» (Ազատություն) հասարակական շարժման գլխավորությամբ, պայքարում է երկիրը պուտինյան գաղափարով ձևավորված Մաքսային Միության շրջանակում սահմանափակելու` նախագահ Յանուկովիչի որոշման դեմ: Այդ պայքարը բարիկադավորված է և հիանալի կազմակերպված: Միայն Կիևի Եվրամայդանում գտնվելիս է հնարավոր խորությամբ զգալ ու հասկանալ Ուկրաինայի քաղաքացիների վճռականությունն ու միասնականությունը, որ իշխանական ուժային կառույցների կիրառած բռնարարքից հետո վերածվեց բարիկադներով պաշտպանված հետևողական պայքարի, որը, ինչպես հանրային դրսևորման ոլորտում, այնպես էլ քաղաքական հարթակներում, շատ թանկ գին ունի: Այդ գինը կայսերապաշտական Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ոչ միայն Ուկրաինայի, այլև մյուս երկրների ֆիզիկական տարածքներ են, իրենց ազատատենչ բնակիչների արյունով ու արցունքով ներծծված: Մայդանում հասկանում են դա ու գիտակցելով էլ կառուցում են իրենց պայքարի ռազմավարությունը: Կրեմլում նույնպես հասկանում են և կայսերական ողջ թափով ու միջոցներով փորձում են կոտրել Ուկրաինայի հասարակության կամքը: Պետք է նկատենք, որ ժողովուրդն ինքնին, այնուամենայնիվ, առանց առաջնորդության դժվար կարողանա երկար պահել դիմադրությունը, առանց կոնկրետ գործողության պլանի, որքան էլ ստատիկ ընդզումը համակարգված լինի: Բանն այն է, որ Եվրամայդանի դիմադրությունն իր խաղաղ, դեմոկրատական, առանց հարթակն օկուպացնելու և կառավարման բրգային համակարգ կիրառելու սկզբունքի, միևնույն է, չունի քաղաքականապես հասուն ու կամային առաջնորդ: Տիմոշենկոյի բանտում գտնվելու հանգամանքը մեծապես նպաստում է իշխանության ծրագրերին: Մայդանում շատ էր խոսվում այն մասին, որ եթե Տիմոշենկոն լիներ ազատության մեջ, Մայդանի ճնշումներն իշխանության վրա հաղթական արդյունքների կհանգեցնեին: Սակայն կոալիցիոն ուժերն ու հռետորներն իշխանություններին ուղղված իրենց ամենօրյա պահանջների ցանկում չեն հնչեցնում Տիմոշենկոյին բանտից ազատելու պահանջը, ինչը տարակարծությունների տեղիք է տալիս՝ կոալիցիոն ուժերի առաջնորդների քաղաքական հավակնությունների մասին ենթատեքստերով: Բայց փաստը մնում է փաստ, որ, ինչպես Տիմոշենկոն` բանտից, այնպես էլ Մայդանում հավաքված ժողովուրդն ու ընդդիմադիր ուժերի առաջնորդները հստակ պահանջում են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, պոկվել Ռուսաստանից և միանալ Եվրոպային, աննահանջ ու առանց կոմպրոմիսների`ամեն գնով: Իսկ այդ գինը կարող է լինել երկրի տրոհումը, որ Մայդանի մտահոգության հիմնական առիթն է: Օգտվելով այդ առիթից, նախագահ Յանուկովիչը, հիմնականում ռուսական պրոպագանդայի աղբյուրներով ու իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներով (Ուկրաինայում կան նաև անկախ լրատվամիջոցներ, որոնց հաջողվում է հակակշիռ ստեղծել), քարոզում է հրաժարվել անկախության գաղափարից` համարժեք հռետորաբանությամբ ու դեմագոգիայով, իհարկե: Ունենալով Կրեմլի աջակցությունն ու տնտեսական նկատառումներով քողարկված բացահայտ կաշառքի չափը, որ Յանուկովիչը Պուտինից ստացավ բոլորովին վերջերս, կիրառվում է նաև ուժային մեթոդով Մայդանը ցրելու սպառնալիքը, որն արդեն ահագնանում է: Դժվար է առայժմ ասել՝ կհաջողվի՞ Մայդանին ու նրա առաջնորդությանը առանց թանկ վճարի` երկրի մի մասը հանձնելու, նվաճել իր լիարժեք ազատությունը: Բայց կայսերական Ռուսաստանի խորհրդային շրջանի անկախացման վերջին տարիների նախադեպերը գալիս են ապացուցելու, որ առանց Մողոքի որկորը լցնելու անհնար է նրանից պոկվել ու ազատություն ձեռք բերել: Համենայնդեպս, նրա վերահսկողության տակ հայտնված փոքր երկրներն այդ զոհողությունն արել են. Վրաստանը` Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կորստի գնով, Մոլդովան` Մերձդնեստրի: Հայաստանի գինը Ղարաբաղն է: Մենք այն պահպանելու հնարավորությունը կորցրինք, երբ Մողոքը Խորհրդային երկրի փլուզման ու վերակազմակերպման հետագա ընթացքում թուլացել էր, և այդ պահին կարելի էր չվճարել նրա սահմանած պատմական գինը: Սակայն չէր թուլացել Հայաստանում կայսերահպատակ տեղաբնիկների ծառայամիտ գենը, ասել է թե`Կրեմլի շոշափուկը, որը, թեկուզ հանուն այդ նույն Ղարաբաղի մասնակի ամբողջականության պահպանության բնազդով, բայց գործեց` սնվելով երկրի անկախության համար զոհվելու պատրաստ շարքային քաղաքացիների միասնական ուժից: Հետո միայն պարզվեց, որ Ղարաբաղի պահպանությունը նրանց պետք էր իրենց չնչին իշխանության ֆիզիկական տարածքը հնարավորինս ընդլայնելու և ռուսական ֆորպոստի վերածելու ճանապարհով, այդ ֆորպոստի վերակացուն դառնալու հավակնությամբ: Եվ այժմ, որքան էլ փորձ արվի Հայաստան աշխարհի հպատակի կերպն արդարացնել պատմաքաղաքական ու էթնոհոգեբանական պատճառաբանություններով և փաստարկներով, որքան էլ ջանք թափվի ճշմարտությունները ճարտար լեզվով ձևակերպված տարընթերցումներով հմտորեն քողարկելու, փաստը մնալու է փաստ, որ Հայաստանում Մայդան չի լինում, որովհետեւ մեր երկիրն ամբողջությամբ է կուլ գնացել Մողոքին: Միակ ելքն այդ Մողոքի ծառաներից ազատվելն է մնացել, որքան էլ դժվար լինի հրաժարվել նրանց ճնշող հեղինակությունից:

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ